Սիրիայում մայիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին հերթական համաներումն է շնորհվել անկարգությունների մասնակիցներին, «որոնց ձեռքերը չեն կեղտոտվել խաղաղ բնակիչների արյամբ»: SANA գործակալության փոխանցմամբ` համաներման է արժանացել երկրի տարբեր շրջաններում ձերբակալված 265 մարդ: Անցած տարվա ընթացքում Սիրիայում ազատ է արձակվել ընդդիմության մոտ չորս հազար ակտիվիստ:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սիլկին քաղաքի շրջանում սիրիացի սահմանապահներն այսօր կռիվ են մղել ահաբեկիչների դեմ, որոնք փորձել են Թուրքիայով ներխուժել երկիր: Գրոհայինների շրջանում կան զոհեր և վիրավորներ, սիրիացի զինծառայողները ևս կորուստներ են ունեցել:
Պայթյուն է տեղի ունեցել Հալեպում: Հաղորդագրությունների համաձայն` ահաբեկիչը գործի է դրել ավտոմեքենայի մեջ տեղակայված ռումբը, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նաև մեկ երեխա: 21 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ըստ ընդդիմադիր աղբյուրների՝ ուսանողական հուզումները շաբաթ օրը Հալեպից տեղափոխվել են Եփրատի ափին գտնվող Ռակա քաղաք, որտեղ բախումներ են տեղի ունեցել երիտասարդ ակտիվիստների և ոստիկանության միջև:










































