Չինաստանի հյուսիսարևելյան Դալյան քաղաքի միջազգային օդանավակայանի գլխավերևում հայտնված օդային օձը ժամանակավորապես կասեցրել է օդանավակայանի աշխատանքը: Չվերթները սպասարկել են պահուստային աերոդրոմները:
Երկնքում պարող օդային օձին առաջինը նկատել է Հարավչինական ավիաուղիների օդաչուական կազմը և տեղեկացրել կարգավարներին անակնկալ խոչընդոտի մասին: Չանչունյա քաղաքից Դալյան թռիչք իրականացրած օդանավը ստիպված է եղել շուրջ մեկ ժամ պտտվել օդանավակայանի գլխավերևում, ինչից հետո օդաչուներին հրաման է տրվել ուղևորվել 400 կմ հեռավորության վրա գտնվող Շանդուն շրջանի Ցինդաո օդանավակայան:
Դալյանի օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է 5 ժամ անց, երբ օդային օձին քամին հեռացրել է օդանավակայանի տարածքից: Ոստիկանությանը չի հաջողվել հայտնաբերել միջադեպի մեղավորին: Չինաստանում օդային օձերը մանկական զբաղմունք չեն: Սովորաբար դրանցով զբաղվում են թոշակառու տղամարդիկ: Օդային օձերը թույլատրվում է օդ բարձրացնել միայն տոնական օրերին:










































