Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, Սահմանադրական դատարանն այսօր քննում էր մի շարք պատգամավորների կողմից ԸՕ մի քանի դրույթների վիճարկման վերաբերյալ դիմումը։
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն մերժել է 30 պատգամավորների ներկայացրած դիմումը, որով նրանք ՍԴ-ից պահանջում էին հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասը և 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ընտրացուցակներում ստորագրած քվեարկողների անունների հրապարակումն արգելելու Ընտրական օրենսգրքի նորմերը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ նախաձեռնությամբ ՍԴ ներկայացված հայցադիմումը ստորագրել են ԲՀԿ-ի 21 և ՀՅԴ-ի 9 պատգամավորներ:
Արգելքը վերացնելու դեպքում հնարավոր կլիներ ստանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը և այն հրապարակել, ինչը քաղաքական ուժերը կարևորում են` հաշվի առնելով ընտրացուցակներում տեղ գտած բազմաթիվ անճշտությունները: Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորած այս քաղաքական ուժերը կարծում են, որ այդ անճշտությունները «ընտրակեղծիքների լայն հնարավորություն են տալիս»:










































