Հաղթելով Իսպանիայի ազգային առաջնությունը` Ժոզե Մոուրինյոն իր մարզական կարիերայում 4-րդ անգամ իր գլխավորած թիմի հետ դարձավ երկրի ներքին առաջնության հաղթող: Ավելի վաղ «Պորտու»-ի հետ Պորտուգալիայի ազգային առաջնության հաղթող էր ճանաչվել, «Չելսի»-ի հետ` Անգլիայի, և «Ինտեր»-ի հետ հաղթել էր Իտալիայի ազգային առաջնությունը:
Մոուրինյոյից առաջ նման հաջողություններ են գրանցել ավստրիացի Էռնստ Հապելը, ով հաղթել էր Ավստրիայի, Հոլանդիայի, Բելգիայի ու Գերմանիայի ազգային առաջնությունները և իտալացի Ջովանի Տրապատոնին, ով կարողացել է նվաճել Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի ու Ավստրիայի չեմպիոնի կոչումը:
49-ամյա պորտուգալացի մասնագետը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մարզչի պաշտոնում: Ամենայն հավանականությամբ, նա դեռ կհաղթի այլ Լիգաներ, կնվաճի նոր տիտղոսներ:
Հավելենք, որ Էռնստ Հապելը կենդանի չէ, իսկ 73-ամյա Տրապատոնին կենսաթոշակի կանցնի` Եվրո-2012-ին Իռլանդիայի հավաքականը նախապատրաստելուց հետո:








































