ՀՀ առողջապահության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երեկ՝ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից 14-ը վերջին ժամերի ընթացքում դուրս է գրվել: Ներկա պահին մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 80-ը:
Հիվանդների վիճակը բավարար է: Կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է: Դուրս գրումները շարունակվում են:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանն էլ մերզ հետ զրույցում նաև նշեց, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը նախատեսում է հոգեսոցիալական օգնություն ցուցաբերել երեկ Հանրապետության հրապարակում տուժածներին և նրանց հարազատներին: «Մեր մասնագետները նրանց կօգնեն դուրս գալ սթրեսային-շոկային վիճակից»,- նշեց նա:
Հարցին՝ նախատեսվա՞ծ է արդյոք դրամական փոխհատուցում միջադեպից տուժածներին, Շուշան Հունանյանը նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի:










































