Ամերիկուհի Քյոլնի Թիգեմանը դատական հայց է ներկայացրել Southwest Airlines ավիաընկերության դեմ, երբ վերջինս ծանր քաշի պատճառով նրան թույլ չի տվել ինքնաթիռ բարձրանալ: Այս մասին, ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը, նա հայտնել է իր բլոգում:
Ամերիկուհու անունն առաջին անգամ մամուլում շրջանառվեց անցյալ տարվա գարնանը, երբ նրան մոր հետ չէին թույլատրել ինքնաթիռ բարձրանալ՝ պատճառաբանելով նրա ավելորդ քաշով: Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության աշխատակիցն առաջարկել էր նրան ձեռք բերել լրացուցիչ տոմս, ինչը վրդովեցրել էր ոչ միայն նրան, այլև նրա մի շարք համաքաղաքացիների: Պատմությունը կրկնվել էր նաև նույն տարվա նոյեմբերին, չնայած այն բանին, որ 31-ամյա ամերիկուհին կարողացել էր նիհարել 55 կգ-ով և արդեն կշռում էր 130 կգ: Southwest Airlines-ի աշխատակիցը դարձյալ որոշել էր, որ նա չի տեղավորվի մեկ նստարանին:
«Southwest Airlines-ի նկատմամբ իմ հավակնությունն այն է, որ նրանք ցանկանում են ինձնից գումար ստանալ երկու տեղի համար: Պարզապես երբեմն նրանք դա պահանջում են, երբեմն՝ ոչ»,- գրել է Թիգեմանը: Նրա խոսքերով՝ հասարակական լայն արձագանք ստացած առաջին դեպքից հետո ավիաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել իրենից: Դրանից հետո կինը բազմիցս ճամփորդել է Southwest Airlines-ի ինքնաթիռներով, մինչև որ դարձյալ բախվել է նույն աշխատակցին:
Թիգեմանը պնդում է, որ իրեն ուղղակի ասել են. «Դուք չափազանց գեր եք թռչելու համար»: Կինը փորձել է ցույց տալ, որ հեշտությամբ կարող է տեղավորվել մեկ նստատեղի վրա, սակայն դա էլ նրան թույլ չեն տվել:
Թիգեմանը պատմել է, որ ինքը հաճախ է ճամփորդում, բայց նման միջադեպեր տեղի են ունենում միայն Southwest Airlines-ի հետ: Նրա խոսքերով՝ ինքը ապրիլի 20-ին դատական հայց է ներկայացրել ավիաընկերության դեմ, որի նպատակը, սակայն, բարոյական վնասի համար փոխհատուցում ստանալը չէ: «Որպես սպառող, որը պատրաստ է վճարել առաջարկված ծառայությունների համար, ես լիակատար իրավունք ունեմ, որպեսզի ինձ մանրամասն բացատրություն տան տոմս գնելիս, այլ ոչ թե փաստի առաջ կանգնեցնեն թռիչքի պահին»,- հայտարարել է Թիգեմանը: Բացի այդ, մարմնի քաշը, նրա կարծիքով, այժմ շատ սուբյեկտիվ հասկացություն է: «Ես պահանջում են, որ այդ կանոնները ամրագրվեն և հստակ կարգավորվեն»,- ասել է կինը լրագրողներին:
Ընկերության ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ ավիաընկերությունից օգտվելու կանոններին կարելի է ծանոթանալ իրենց կայքում: Նրա խոսքերով՝ դրանում մանրամասն բացատրվում է, որ մեկ նստատեղից ավել զբաղեցնող ուղևորները պետք է վճարեն երկու տոմսի համար:








































