Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջակետ է դրել Ազգային տոների շուրջ ծայր առած քննարկումներին՝ հաստատելով Նախարարների խորհրդի կողմից պատրաստված նոր նախագիծը:
Դրանով իսկ փոփոխության են ենթարկվել 1981 թվականին (1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո) սահմանված Ազգային տոների նշման կանոնները:
Այսուհետ պաշտոնական արարողությունները լինելու են քաղաքացիական: Մասնավորապես, այսուհետ Օգոստոսի 30-ը (Հաղթանակի և Թուրքիայի զինված ուժերի օր) նշելու միջոցառումն անցկացվելու է ոչ թե Գլխավոր շտաբում, այլ՝ Չանքայա նախագահական նստավայրում: Բացի այդ, Թուրքիայի Հանրապետության միակ ազգային տոն է հռչակվել հոկտեմբերի 29-ը (պետության ստեղծման օրը, 1923):









































