Associated Press-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական հակառակորդները վստահ հաղթանակ են տանում երեկ Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում:
Պայքարն ընթանում էր 290 հոգանոց խորհրդարանի 65 տեղի համար: Նախնական արդյունքներով՝ Ահմադինեժադի համակիրները ստացել են 8 տեղ, մինչդեռ նրա քաղաքական հակառակորդները՝ 20 տեղ: Եվս 11 մարդ խորհրդարան է անցել որպես անկախ պատգամավոր: Ակնկալվում է, որ քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր ուշ երեկոյան:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում դարձյալ հաղթանակ էին տարել Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի համակիրները: Ի դեպ, հաջորդ տարի էլ Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:








































