BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին.
«Կարիք չկա Ադրբեջանում մշտապես բարձրացնել քաղբանտարկյալների հարցը, քանի որ տվյալ խնդիրը լուծված է երկրում: Ժամանակին Ադրբեջանը ԵԽ առջև պարտավորություններ է ստանձնել քաղբանտարկյալների գործի վերանայման համար: Այդ պարտավորությունները վերջնականապես կատարվել են, և այսօր մենք չենք ճանաչում այդպիսի խնդիր երկրում: Մեզ մոտ այն չկա:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի գործունեությանը, ապա Շտրասերի նշանակումն այդ պաշտոնում տեղի է ունեցել հակառակ ադրբեջանական կողմի ցանկության: Նրա գործունեությունը կառուցողական չէ, ինչը չի կարող չանհանգստացնել մեզ:
Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» մրցույթի բոյկոտման վերաբերյալ Շտրասերի հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ մարդը հանդես է գալիս անգամ եվրոպական արժեքների դեմ: Եվ չնայած դրան՝ Ադրբեջանի կառավարությունը չառարկեց նրա Բաքու գալու հարցում, սակայն հարց է, թե նա ինչպիսի կարգավիճակում է ցանկանում ժամանել այստեղ»:
Հիշեցնենք, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում առկա է ավելի քան 10 «խղճի բանտարկյալ»: Ինչ վերաբերում է Շտրասերի ադրբեջանական այցին, ապա Շտրասերը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ իր զեկույցը պատրաստելու է առանց այդ երկիր այցելելու:










































