Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքված, սոցիալական վճարման ծառայության մի խումբ՝ արդեն նախկին աշխատակիցներ վարչապետ Տիգրան Սարգսյանից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանից պահանջում են իրենց վճարել վերջնահաշվով սահմանված աշխատավարձը:
«Մեզ խոստացել են, որ աշխատանքի կտեղավորեն, որ վերջնահաշիվը կտան, մենք այսօր այստեղ ենք և պահանջում ենք, որ մեր վերջնահաշիվը տան ու մեզ ապահովեն աշխատանքով: Սակայն մենք գիտենք, որ գաղտնի կերպով «ՀայՓոստի» բաժանմունքներին զգուշացրել են, որ վճարման ծառայության աշխատակիցներին աշխատանքի չվերցնեն: Մենք փոստային բաժանմունքներից արդեն հույսներս կտրել ենք, դիմել ենք աշխատանքի տեղավորման գործակալություններ, որտեղ միայն հավաքարարի աշխատանք են առաջարկում: Ուզում են, որ բարետես լինես, անգլերեն իմանաս, որ ավելի հետ անգլերեն խոսես, կամ էլ եթե ուզում ես աշխատանքի տեղավորվել, պետք է ղարաբաղցու լեզվով խոսես»,- վրդովված ասաց Մարիամը:
Տիկին Անահիտն էլ նշեց, որ ինքը գալիս է «ՀայՓոստից», որտեղ իրեն առաջարկել են միայն ռեզերվային աշխատանք.«Ինձ ասացին, որ եթե ազատ տեղ լինի, նոր կկանչեն, մեկ ամսից կկանչեն, բայց ես չեմ հավատում նրանց ասածներին»:
Հիշեցնենք՝ 2010 թ. դեկտեմբերի 22-ից հետո սոցիալական վճարման ծառայության շուրջ 277 աշխատող ազատվել է աշխատանքից, ինչպես նրանց աշխատանքային գրքույկներում է գրված` պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով: Սոցաշխատակիցները պնդում են, որ իրենց պայմանագիրը լրանում է ոչ թե դեկտեմբերի 22-ին, այլ դեկտեմբերի 30-ին:
Հավաքվածները ավելացրին, որ եթե իրենց պատասխան չտան ու չվճարեն վերջնահաշվով սահմանված աշխատավարձը, ապա իրենք կայրեն իրենց կուսակցության անդամատոմսերը. Բոլորն էլ Հանրապետական կուսակցության անդամ են:








































