Մայիսի 5-ին՝ կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին «լռության օր» է: Այսօրվանից արգելվում է ցանկացած քարոզչություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կհրապարակի ընտրողների վերջնական ցուցակը և, ըստ ԿԸՀ–ի կողմից հաստատված ժամանակացույցի, 2 միլիոն 597 հազար՝ համամասնական և 2 միլիոն 550 հազար` մեծամասնական ընտրակարգի համար քվեաթերթիկները կհանձնվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին:
Ինչպես նաև՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում փաթեթները կկնքվեն և կհանձնվեն տեղամասային ընտրական հանձնաժողվների նախագահներին:
Խորհրդարանական ընտրություններին կհետևի 31 418 ներկայացուցիչ տեղական 53 կազմակերպությունից և 647 դիտորդ` 11 տարբեր միջազգային կազմակերպությունից և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից:
Հինգերերոդ գումարման Ազգային ժողովում կընտրվի 131 պատգամավոր: Խորհրդարանը ձևավորվում է խառը ընտրակարգով` 90 մանդատ համամասնական, 41-ը` մեծամասնական ընտրակարգով:
Խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում է ութ կուսակցություն և մեկ դաշինք:










































