Ընտրական քարոզարշավն արդեն ավարտվում է: Թե ինչպիսին է եղել այն՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, որ եթե անգամ որևէ տարբերություն կա նախորդ ընտրարշավներից, ապա միայն բացասական. «Նախ՝ այն, որ այժմ մարդկանց վրա իշխանական ռեսուրսներն ավելի ագրեսիվ կերպով են փորձել ներազդել: Եվ երկրորդ՝ ընտրակաշառքների բաժանման գործընթացը, որն արդեն սկսվել է: Երեկվա դրությամբ կոալիցիոն ուժերն արդեն սկսել են 10 հազարական դրամներ բաժանել: Սա է իրականությունը»:
Նրա հավաստմամբ՝ այն քարոզարշավը, որը երևում է ԶԼՄ-ներով և հեռուստատեսությամբ, որևէ առնչություն չունի իրականության հետ: Եվ միակ հույսը, թերևս, ժողովրդի վրա է. «Հիմա մնում է մեր հույսը, որ ժողովուրդը մտնի ընտրատեղամաս և քվեարկության ընթացքում փորձի բոլորին իր տեղը դնել: Այսինքն` մարդկանց վրա, որ հասցեական աշխատել են, ընտրատեղամասերում հասկանան և դեմ քվեարկեն: Ինչքանով կստացվի՝ չեմ կարող ասել»:
Իսկ թե արդյոք հնարավո՞ր է արդար և թափանցիկ ընտրություններ իրականացնել՝ թիվ 36 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն պատասխանեց, որ դրա մասին անգամ խոսք լինել չի կարող. «Եթե իրականում նորմալ, արդար, ժողովրդավարական ընտրություններ լինեն, կոալիցիոն ուժերը՝ երեքը համատեղ, իրար գումարած 10 տոկոսի շեմը չեն հաղթահարի: Մինչդեռ իրենց արած սոցհարցումներով, էդ պատվիրված բաներով 30-40 տոկոսի մասին է խոսվում»,- եզրափակեց Պետրոս Մակեյանը:






































