Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այն կարծիքին է, որ մարզում նախընտրական քարոզարշավը շատ կոռեկտ պայքարում է անցել, որևէ միջադեպ չունեն արձանագրված։ Նա համոզված է, որ մինչև ընտրությունների ավարտն այս ձևով կշարունակվի։ Բացի այդ, բոլորը, նրա խոսքով, շատ լավ են տրամադրված, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ:
«Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե հանրապետության բոլոր մարզերում, այդ թվում` Երևանում, մանկապարտեզներին, դպրոցներին, բուհերին ստիպում են մասնակցել ՀՀԿ-ի կազմակերպած քարոզարշավներին, ինչպես նաև ՀՀԿ մեծամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների հետ հանդիպումներին, և հավասար հնարավորություն չի ստեղծվում առաջադրված բոլոր թեկնածուների համար, Արթուր Նալբանդյանը պատասխանեց, որ որևէ պետական կառույցի, ինչպես նաև որևէ պաշտոնյայի կողմից ոչ մի ճնշում և ոչ էլ նմանատիպ բան չի եղել։ «Մարդն ինքնուրույն կողմնորոշվում է, թեև ընտրություններին երկու օր կա, ժամանակից շուտ առաջ չընկնենք, մայիսի յոթին պարզ կլինի»,- ասաց մարզպետը:
Նախորդ ընտրությունների համեմատությամբ տարբերություն մարզպետը չկարողացավ նշել, քանի որ նախորդ անգամ ինքը մարզպետ չի եղել։ Նա ասաց, որ մարզի ընդհանուր կտրվածքով չի կարող ասել, համենայնդեպս, տեսնում է, որ մարզում լարվածություն չկա, անցնում է նորմալ մթնոլորտում:
Պատասխանելով այն հարցին, թե մարզը զե՞րծ մնաց ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ընտրակաշառքներից, մարզպետն ասաց, որ իրենց մարզում ընտրակաշառքներ չեն եղել։






































