Շուրջ 250 ոստիկաններ դուրս են եկել Փարիզի Հաղթանակի կամարի հարևանությամբ գտնվող Մեծ բանակի պողոտա` բողոքելու այն բանի դեմ, որ իրենց գործընկերոջը մեղադրում են կրկնահանցագործին կանխամտածված սպանելու մեջ։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ` իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են Ելիսեյան դաշտերից դեպի Հաղթանակի կամար տանող պողոտան: Ընդ որում` նրանք չեն բացառում, որ կարող են շարժվել Ելիսեյան դաշտերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ոստիկանների մասնակցությամբ բողոքի ակցիաները տեղի են ունենում արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ` ի զորակցություն փարիզյան աղքատ Աուազի-լե-Սեկ թաղամասում ծառայող իրենց գործընկերոջ, ով ոստիկանների հետ փոձում էր ձերբակալել 11 անգամ դատապարտված կրկնահանցագործի: Ոստիկանի խոսքերով` չարագործն իր վրա ատրճանակ էր ուղղել, և ինքը ստիպված էր եղել կրակել նրա վրա:
Դիահերձումը ցույց է տվել, որ ոստիկանը հանցագործի վրա կրակել էր հետևից` մեջքին: Ոստիկանին մեղադրանք էր առաջադրվել կանխամտածված սպանության համար, ու նա ազատվել էր աշխատանքից:










































