Օրեր առաջ` ընտրարշավի ժամանակ, Սերժ Սարգսյանը փորձեց հարվածել ԲՀԿ ընդդիմադիր կերպարին և կերպին ու հայտարարեց, թե ընտրողները թող ձայն տան Գագիկ Ծառուկյանին:
Նախընտրական արշավի ընթացքում ողջ ուժով ընդդիմադիրի տպավորություն թողնել փորձող ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանը, փաստորեն, մի հայտարարությամբ հավասարեցնում է Հանրապետական կուսակցությանը, ինչպես, օրինակ, Արարատի մարզի ընտրատարածքներից մեկում էլ ՀՅԴ-ի հանդեպ էր վարվել:
Ինչպես կպատասխանի Գագիկ Ծառուկյանը: Կպատասխանի՞ արդյոք նա Սերժ Սարգսյանին: Խոսքն, իհարկե, մասնավորապես նախագահի ընտրությանն է վերաբերում, որ տեղի է ունենալու 2013 թվականի փետրվարին: Գագիկ Ծառուկյանը համառորեն հրաժարվում է Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարելուց: Եվ ահա, Սարգսյանը փաստորեն անում է առաջին քայլն ու հայտարարում Ծառուկյանին սատարելու մասին: Մեծ հաշվով, Աբովյանի ընտրատարածքում սատարելու այլ մարդ պարզապես չկար, որովհետև Ծառուկյանն այնտեղ մենակ է: Եվ եթե անգամ ոչ ոք ընտրության չգնա, Ծառուկյանի հարազատներից կամ թեկուզ իրենից բացի, ապա Ծառուկյանը կդառնա պատգամավոր:
Հետևաբար Սերժ Սարգսյանի հայտարարության կարիքն ամենևին չկար: Ու Սերժ Սարգսյանն ինքն էլ բնականաբար գիտի, որ Ծառուկյանն իր ընտրատարածքում իր սատարումի կարիքը չունի: Բայց նա անում է այդ հայտարարությունը, որովհետև դրա շարժառիթը ոչ թե Ծառուկյանի, այլ հենց Սարգսյանի կարիքն է: Սերժ Սարգսյանը նախ կարիք ունի ցույց տալու, որ Ծառուկյանի ընդդիմադիր կերպարը ընդամենը խաղ է, և ինքը, ի դեմս ԲՀԿ առաջնորդի, չի տեսնում մրցակցի, և մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանն, այսպես ասած, բարոյահոգեբանական պարտքի տակ է փորձում գցել ԲՀԿ առաջնորդին:
Այդ տեսանկյունից Ծառուկյանը կրկնակի պարտքի տակ է, քանի որ կա նաև Ռոբերտ Քոչարյանը, որը կարող է սեփական ակնկալիքներն ունենալ ԲՀԿ-ից նախագահական ընտրությունների հետ կապված: Սակայն ամենաուշագրավը այն է, որ Ծառուկյանը կարող է նաև եռակի բարոյական պարտքի տակ մնալ, քանի որ կա նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ներկայիս ընտրարշավում ԲՀԿ-ն քննադատությունից դուրս դրեց և այդպիսով աջակցեց Ծառուկյանին ավելի շուտ, քան, օրինակ, Սերժ Սարգսյանը, և գուցե 2013-ի ընտրությանն էլ կակնկալի Ծառուկյանի համարժեք աջակցությունը:
Այդպիսով, «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը հերթական անգամ հայտնվում է երեք նախագահների պարտքի տակ, առավել ևս, որ պարտքի, այսպես ասած, վճարման ժամկետը սարերի հետևում չէ: Նրան երևի այլ բան չի մնում, քան մտածել անձամբ նախագահ դառնալու կամ պարզապես քաղաքականությունից հեռանալու մասին:











































