Նախընտրական քարոզարշավը բավական հետաքրքիր էր, թեպետ նախորդներից տարբերվում էր իր սառնությամբ. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանը:
«Կարծես թե ստացվեց ավելի մեծ թվով մարդկանց հետ հանդիպել: Բակային հանդիպումներս շատ լավ էին անցնում: Մեկ մեծ հանդիպում էլ ընտրողների հետ ունեցա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ: Իհարկե, կուզեի իմ ճանապարհին այլ թեկնածուների գաղափարական ու ծրագրային բախումների հանդիպել: Երբ մրցավազքում մենակ ես վազում, ռեկորդներ սահմանելու հնարավորություն չկա. աշխարհում նման բան չի լինում: Իմ մրցակիցներից էլ ճանաչում եմ միայն Անահիտ Բախշյանին»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ինքը մրցակից համարում է թիվ 12-ում առաջադրված բոլոր թեկնածուներին:
Լյովա Խաչատրյանի խոսքով՝ ընտրությունների օրը կհաղթեն թեկնածուների ներկայացրած ծրագրերն ու նրանց կողմից կատարված աշխատանքը:
«Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին իմ անդամակցությանը, ապա այդ կուսակցությանն անդամագրվեցի, որովհետև նրա խոսքը գործ է, ինչպեսև գործ է իմ խոսքը: Ես միշտ հասանելի եմ լինելու շենգավիթցիների ու Էրեբունու բնակիչների համար: Ես առանձին շտաբ չունեմ, իմ նկարներով պաստառներ փակցնելու կարիք էլ չունեմ, ոչ էլ ուզում եմ համախոհներ գրավել դեպի ինձ»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
Լյովա Խաչատրյանը տեղեկացրեց, որ այսօր՝ իր ծննդյան օրը, բարձրացել է իր սիրած սարը, աղբյուրից ջուր խմել, մոմ վառել, երազանք պահել ու սկսել առօրյա աշխատանքները:
«Այսօր բարի լինելու երկու պատճառ ունեմ. նախ՝ ծնունդս է, երկրորդ՝ պայծառ գարուն է, ծաղիկները բարձրացրել են իրեենց գողտրիկ գլուխները: Դրա համար էլ չեմ օգտվում այսօր քարոզարշավ ունենալու իրավունքից: Իսկ սովորաբար չար չեմ, անաչառ եմ ու իմ տեսակետը ներկայացնում եմ մինչև վերջ»,- նշեց նա:
Ամփոփելով՝ պատգամավորության թեկնածուն նշեց, որ մայիսի 6-ի երեկոյան ամենամեծ հաղթանակը կլինի այն, երբ մարդիկ անկեղծ շնորհավորեն միմյանց՝ անկախ նրանից, թե ով է հաղթել:









































