Մայիսի 3-ին Մոսկվայում բացվելիք ՀՀՊ համակարգերին վերաբերող միջազգային համաժողովում տեղի կունենա Եվրոպայում ՆԱՏՕ-ի կողմից ՀՀՊ տարերի տեղակայման գործողությունների համակարգչային մոդելավորման արդունքների շնորհանդեսը: Այս մասին «Ռոսիյսկայա գազետայի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
«Համաժողովի «համուհոտը», իմ կարծիքով, կդառնա համակարգչային մոդելավորման շնորհանդեսը, որը կներկայացնի ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը, ներառյալ` Լեհաստանում, Ռումինիայում, Թուրքիայում ու այլ վայրերում դրանց նոր օբյեկտները, որոնք կարող են ազդել Ռուսաստանի միջուկային զսպման ուժերի վրա»,- ասել է Անտոնովը:
Նա նաև նկատել է, որ համաժողովի շրջանակում քննարկումները «բաց կլինեն մինչև որոշակի սահման»:
«Մենք ու ամերիկացիներն այնքան միամիտ չենք, որ կիսվենք մեր բոլոր գաղտնիքներով: Բայց թվերով ու փաստերով ներկայացնել ԱՄՆ-ի՝ Եվրոպայում տեղակայելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման վտանգավորությունը, անկասկած անհրաժեշտ է ու հնարավոր»,- հայտարարել է նա:
Անտոնովի խոսքով` ռուսական կողմը երբեք ու ոչ ոքի նման տեղեկատվություն չի ներկայացրել, իսկ ամերիկյան կողմը երբեք էլ չի առաջարկել:
Անտոնովը հաղորդել է, որ համակարգչային մոդելավորման ցուցադրությամբ ՀՀՊ համակարգերի հարցով համաժողովի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Անտոնովի խոսքով` նման համաժողովի կազմակերպումը ավանդաբար փակ համարվող այդ գերատեսչության համար, ինչպիսին պաշտպանության նախարարությունն է, աննախադեպ քայլ է:
Նա նաև հայտնել է, որ հրավերներ են ուղարկվել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին ու դրա մեջ չմտնող եվրոպական մյուս երկրներին, ինչպես նաև Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային ու Հարավային Կորեային:
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը կգլխավորի դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը 5 հեռուստաալիքների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը 5-7 տարի ունեն ՀՀՊ համակարգերի շուրջ խնդիրների լուծման համար: Եթե բանակցություններն այդ փուլում ձախողվեն, ապա Մոսկվան կսկսի հրթիռներ տեղակայել:










































