Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 13-14-ը Վիեննայում Իրանի և ԱԷՄԳ-ի միջև կայանալիք բանակցությունների ուշադրության կենտրոնում են լինելու երեք ասպեկտներ՝ քաղաքական, իրավաբանական և տեխնիկական: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի միջուկային գործունեությունը գտնվում է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո. «Միջուկային ստուգումներն առանց որևէ խնդրի իրականացվում են շաբաթական մեկ անգամ: Արդեն մի քանի տարի է, ինչ մեզ մեղադրում են միջուկային ծրագրի ռազմական ասպեկտներում, սակայն մենք նորից ու նորից ապացուցում ենք դրա հակառակը:
Իրանի միջուկային ծրագրին ներկայացված այդ մեղադրանքներն անհիմն են: Մենք արդեն ԱԷՄԳ-ի հետ անցկացրել ենք բանակցությունների երկու փուլ: Հուսով եմ, որ մեր միջուկային ծրագրի հարցը վերջնականապես կլուծվի»: