Ավելի քան 270 մարդ համարվում է անհայտ կորած այն բանից հետո, երբ նախօրեին Հնդկաստանում խորտակվել է ուղևորային լաստանավ: Ավելի վաղ հաղորդվել էր 150 կորածների մասին:
IANS գործակալության տեղեկատվության համաձայն՝ որոնողա-փրկարարական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել:
Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքերով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղետից հետո անցել է 24 ժամ, շատ քիչ հավանականություններ կան, որ որևէ մեկը կենդանի է մնացել: Նա հավելել է, որ որոշ տեղեկատվության համաձայն` լաստանավի վրա հիմնականում եղել են կանայք և երեխաներ:
Մեկ այլ բարձրաստիճան անձ հայտարարել է, որ իշխանություններն այժմ փորձում են պարզել, թե հստակ քանի մարդ է եղել լաստանավի վրա վթարի ժամանակ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ վաճառվել է լաստանավի 240 տոմս, սակայն լաստանավի վրա եղել են նաև տոմս չունեցող շատ մարդիկ: ԶԼՄ-երի տեղեկատվության համաձայն` զոհվել է ավելի քան 100 մարդ: Փրկարարները ջրից կենդանի հանել են միայն 80 մարդու, որոշ ուղևորներ կարողացել են ինքնուրույն ափ հասնել:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի արևելքում՝ Ասսամ նահանգում, լաստանավը խորտակվել էր ապրիլի 30-ին: Աղետի պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները:










































