Այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահության մեկամսյակի ընթացքում Ադրբեջանը կցանկանա ԼՂ հակամարտության վերաբերյալ իրեն ձեռնտու բանաձև կամ նախագիծ հեղինակել, անկասկած է, սակայն հազիվ թե նման բան տեղի ունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Իհարկե, իմանալով ՄԱԿ-ի ԱԽ նախագահությունը մեկ ամսով ստանձնած Ադրբեջանի հոգեբանությունը՝ նա անպայման կփորձի, սակայն գրեթե բացառում եմ, որ այս ուղղությամբ առանցքային որոշում կայացվի, որովհետև դա ՄԱԿ-ի պատմության մեջ հազվագյուտ դեպք կլինի: Այնտեղ վերջին հաշվով կան Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ, որոնք իրենց խնդիրները, հաշվարկներն ու խաղը ունեն: Ադրբեջանն ի՞նչ է այդ հարցում, ներողություն արտահայտությանս համար՝ ընդամենը «սուչկա»: Մեծ հաշվով, նա ոչ մի հարց չի որոշել և չի կարող որոշել: ԼՂ հակամարտության վերաբերյալ իրեն ձեռնտու բանաձև կամ նախագիծ հեղինակել նրան ուղղակի թույլ չեն տա»,- ասաց Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկվանից` մայիսի 1-ից սկսած, մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը:
Մայիսին ՄԱԿ ԱԽ-ի հիմնական քննարկման առարկաներն են հանդիսանալու Մերձավոր Արևելքում առկա իրավիճակն ու միջուկային զենքի չտարածման հարցը: Ուշադրության կենտրոնում է գտնվելու նաև Բալկանների հարցը:
Ակնկալվում է, որ մայիսին անցկացվելու է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բարձր մակարդակի բաց նիստ, որին մասնակցելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:





































