Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա մրցաշարի բացման արարողությանը:
Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցաշարը տարեց տարի ավելի ու ավելի մեծ մասսայականություն է վայելում վարչական շրջանի պատանիների և երիտասարդների շրջանում: Վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ սկիզբ առած առաջին մրցաշարին մասնակից թիմերի քանակը 12 էր, այսօր արդեն`17-ը:
Ողջունելով մասնակիցներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բարձր է գնահատել վարչական շրջանի այս նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա ոչ միայն առողջ ապրելակերպի խրախուսում է, այլև պատանիների և երիտասարդների շրջանում ազատ ժամանակի տնօրինման ողջունելի և շատ կարևոր նախաձեռնություն:
Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ հաշվի առնելով դրական այս փորձը, քաղաքապետարանը կաջակցի ու կխրախուսի, որ նմանատիպ մրցաշարեր կազմակերպվեն և անցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ինչպես և ամեն տարի, մրցաշարը կտևի մինչև հոկտեմբեր ամիսը:









































