ՀՅԴ-ն հազիվ թե խորհրդարանական կոալիցիա կազմի Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունների թափանցիկության ապահովմանն ուղղված համագործակցությունը զուտ տեխնիկական բնույթ է կրում, և այդ է պատճառը, որ խորհրդարանական կոալիցիա կազմելու հնարավորությունը քիչ հավանական է:
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ հայ դիվանագետները, արտասահմանում էլիտար շրջանակներում լինելու փոխարեն, պետք է պայքարեն հայկական շուկաների համար:
«Հենց այսպիսի պահանջ է ենթադրում ՀՅԴ նախընտրական ծրագիրը: Մենք խոսում ենք նվազագույն աշխատավարձի բարձրացման, բյուջետային ծախսերի աճի մասին: Առաջին հերթին դա հնարավոր է բիզնեսի զարգացման պայմանների բարելավման և տնտեսությունը ստվերից հանելու ճանապարհով»,- նշեց նա՝ հավելելով, որ մասնավոր զրույցներում կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները ևս հավանություն են տալիս ՀՅԴ նախընտրական ծրագրին:










































