Կենտրոնական Չինաստանի Հունան մարզում տեղացած հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով այստեղից տարհանվել է ավելի քան 47 հազար բնակիչ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունը:
Հեղեղներ առաջացնող անձրևները մարզում սկսվել են ապրիլի 28-ից: Առավել ծանր հարված է հասցվել Յուեյան, Իյան, Չժանցզյանցզե և Յունչժոու քաղաքներին: Քանդվել և վնասվել է 15 հազար բնակելի շինություն, վնաս է կրել ավելի քան 32 հազար հա գյուղատնտեսական տարածք:
Նախնական գնահատականերով՝ աղետի հետևանքով տնտեսությանը հասցված ուղղակի վնասը գնահատվում է 464 մլն յուան (73.8 մլն ԱՄՆ դոլար): Աղետի վայր են ուղարկվել հատուկ փրկարարական ջոկատներ, տեղի բնակիչներին տրամադրվում են ծածկոցներ և տաք հագուստ: