Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պահանջել է, որ իր երկիրն անմիջապես դուրս գա Ամերիկյան պետությունների կազմակերպության Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովից (ՄԻՄՀ): Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով La Segunda պարբերականին:
Չավեսի խոսքերով՝ առաջիկայում երկրում կստեղծվի Պետական խորհուրդ, որը կգլխավորի փոխնախագահ Էլիաս Հաուան, և այդ մարմնի ընդունած առաջին որոշումը կլինի անմիջապես դադրեցնել Վենեսուելայի անդամակցությունը ՄԻՄՀ-ին:
«Բավական է արդեն: Որքա՞ն դեռ պետք է կրենք այս դամոկլյան սուրը»,- ասել է նա:
Չավեսի խոսքերով՝ ընդհանրապես պարտադիր չէ, որպեսզի Վենեսուելան ինչ-որ կերպ կախված լինի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող մի կազմակերպությունից: Նշենք, որ օրական Վենեսուելան ԱՄՆ է արտահանում մի քանի միլիոն բարել նավթ:
Չավեսի հակակրանքը այդ կազմակերպության նկատմամբ հին պատմություն ունի: 2002 թ. Չավեսի վարչակարգի տապալման անհաջող փորձի ժամանակ նախագահի կողմնակիցները դիմել էին ՄԻՄՀ-ին՝ խնդրելով պահպանել նորընտիր նախագահի կյանքը: Սակայն, ինչպես պնդում է ինքը՝ Չավեսը, որն այդ ժամանակ ազատազրկման մեջ էր գտնվում, ՄԻՄՀ-ը բավարարվեց միայն այդ խնդրանքն ուղարկելով երկրի ժամանակավոր ղելավար Պեդրո Կարմոնեին, որն արդյունքում իշխանության գլուխ մնաց ընդամենը մի քանի օր: Չավեսն ազատվեց առանց ՄԻՄՀ աջակցության և վերադարձավ նախագահական պալատ:










































