Նախորդ ընտրությունների համեմատությամբ` հեռուստատեսային լուսաբանումը հավասար է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը` անդրադառնալով ՀՌԱՀ այն տվյալներին, ըստ որոնց «Ժառանգություն» կուսակցությունը ամենաշատ լուսաբանված կուսակցություններից երրորդն է:
Անահիտ Բախշյանը նկատեց, որ ամեն բան համեմատության մեջ պետք է դիտարկել, ուստի նախորդ ընտրությունների նախընտրական քարոզչության և այս ընտրությունների հեռուստատեսային լուսաբանման միջև լուրջ տարբերություն կա՝ հավասար լուսաբանման հնարավորության առումով: «Ես չգիտեմ իրականում «Ժառանգությունը» երրորդն է, թե չորրորդը, դա չենք կարող ստուգել, բայց տարբերություն կա: Այսօր լուսաբանման գործընթացը տալիս է հավասար հնարավորություններ, կարծում եմ, դժգոհ չենք»,- մեկնաբանեց նա:
Անդրադառնալով իր նախընտրական քարոզչությանը` պատգամավորն ասաց, որ խոչընդոտներ չեն առաջացել, թեև ընտրատարածքում աշխարհագրորեն տարբեր թաղամասեր են ընդգրկված:










































