Օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարչության նախկին պետ և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հրամանով 2008-ին կեղծված ընտրություններից հետո աշխատանքից ազատված Մարթա Այվազյանը գործնական այցով Բրյուսել են մեկնել:
«Առաջին լրատվական»-ը այսօր դիմեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին` ճշտելու այս տեղեկությունը: Արամ Սարգսյանը հաստատեց այն: Մեզ հայտնի դարձավ, որ այցը խիստ ուշագրավ է եղել, նրանք Բրյուսելում բավական տպավորիչ հանդիպումներ են ունեցել:
Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ իրենք մասնավորապես հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդի, Արևելյան համագործակցության երկկողմ ձևաչափի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Հայաստանի պատասխանատու Ժան Էրիկ Հոլզափֆելի, ինչպես նաև`Եվրոպական միության խորհրդարանի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լայմա Լյուչիա Անդրիկիենեի հետ:
Նրանք հանդիպել են նաև ՆԱՏՕ-ի Գործընկերության բաժնի ղեկավար, Ինտեգրման տնօրինության, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար Միշել Դյուրուայի, ՆԱՏՕ-ի Ինտեգրման, գործընկերության և համագործակցության տնօրինության, քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության ստորաբաժանման բաժնի Հայաստանի հարցերով պատասխանատու Ստեֆեն Ելգերսմայի, ՆԱՏՕ-ի Ինտեգրման, գործընկերության և համագործակցության տնօրինության, քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության ստորաբաժանման Վրաստանի հարցերով պատասխանատու Քրիստիան Մեսզառոսի հետ:
«Առաջին լրատվական»-ի հարցերին, թե ի՞նչ նպատակով է կազմակերպվել բրյուսելյան այցը, ի՞նչ արդյունքներ կան և ինչպիսի՞ ծրագրեր ունի ապագայի համար` Արամ Սարգսյանը խոստացավ անդրադառնալ Ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո: