Ինչպես գրում է ռուսական Коммерсант օրաթերթը, Ինգուշիայի օրենսդիր մարմինը նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին` խնդրելով նրան խորհրդարանի ղեկավարի տեղակալի պաշտոնից հեռացնել Վլադիմիր Ժիրինովսկուն:
Ինգուշիայի խորհրդարանի կայքում գրված է, որ իր ելույթներով Ժիրինովսկին «որոշել է միջազգային հարցերով շահել ընտրողների ձայները»:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Ժիրինովսկու հայտարարությունների դեմ ըմբոստացել էին նաև Չեչնիայում: Այդ մասին խոսել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, իսկ այնուհետև Ժիրինովսկու հեռացման մասին կոչով հանդես էր եկել Չեչնիայի խորհրդարանը: Դաղստանի նախագահի մամուլի ծառայությունը նույնպես հանդես է եկել Ժիրինովսկուն դատապարտող հայտարարությամբ:
Հունվարի 20-ին Ժիրինովսկին, ելույթ ունենալով ռուսական հեռուստատեսությամբ, հայտարարել էր, որ Ռուսաստանի ամենամեծ խնդիրը Հյուսիսային Կովկասի երեք հանրապետություններն են` Դաղստանը, Ինգուշիան և Չեչնիան: