ԱՄՆ Մայրուղիների վրա անվտանգության հարցերով ազգային վարչության աշխատակիցները պարզել են, որ «անիմաստ» ավտովթարների երկու երրորդը տեղի է ունենում կանանց պատճառով:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վերլուծելով վերջին 30 տարիների վիճակագրությունը՝ հետազոտողները եզրակացրել են, որ ամեն ամիս ԱՄՆ-ում ոտնակները շփոթելու պատճառով տեղի է ունենում միջին հաշվով 15 վթար: Որպես կանոն՝ դրանցից 10-ի դեպքում մեղավորները լինում են իգական սեռի ներկայացուցիչները: Տարիքային առումով՝ այդ «հիվանդությամբ» տառապում են հիմնականում 21-ից ցածր և 75-ից բարձր տարիքի մարդիկ: Միևնույն ժամանակ վարչությունում նշել են, որ չհաշված ոտնակները շփոթելը՝ կանայք, ընդհանուր առմամբ, ավելի ուշադիր են վարում: Նրանց բաժին է ընկնում ԱՄՆ ՃՏՊ-ների 40%-ը:
Փորձելով հասկանալ «ոտնակները շփոթելու ախտանիշի» պատճառը և կանանց մոտ դրա առավել հաճախակի դրսևորումը, հետազոտողները փորձագետներ են հրավիրել, որոնք մի շարք հետաքրքիր տեսություններ են առաջ քաշել: Դրանցից մեկի համաձայն՝ պատճառը ֆիզիոլոգիական է, քանի որ բնույթով կանայք ավելի փխրուն են, քան տղամարդիկ, և նրանց համար ավելի դժվար է հարմար նստել, որի հետևանքով նրանց աջ ոտքը «սխալ» է դրվում ոտնակի վրա: Մի շարք հոգեբաններ կարծիք են հայտնել, որ պատճառներից մեկը կարող է լինել նեյրոպատիան, որն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Նրանց կարծիքով՝ հենց այդ հիվանդության պատճառով կրիտիկական պահերին նրանք կորցնում են կենտրոնանալու կարողությունը:











































