Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ստրոսս-Կանը այսօր քվեարկել է Փարիզին մերձակա Սարսել քաղաքում: Սև կոստյում և երկնագույն վերնաշապիկ հագած, առանց փողկապի, նախընտրական քարոզարշավի նախկին ֆավորիտը քվեաթերթիկը հանգիստ իջեցրել է քվեատուփի մեջ: Նա չի պատասխանել լրագրողների հարցերին` սահմանափակվելով միայն ժպիտով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ուղիղ մեկ տարի առաջ փայլուն տնտեսագետ և ֆրանսիական սոցիալիստական կուսակցության ականավոր գործիչ Դոմինիկ Ստրոս-Կանը հարցումների անվիճելի առաջատարն էր և նախագահական ընտրություններում համարվում էր գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավոր հակառակորդը: Սակայն 2011 թ. մայիսին նա հայտնվեց սեքսուալ սկանդալի կիզակետում:
Ստրոս-Կանը մեղադվեց Նյու Յորքի հեղինակավոր հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու համար, և ստիպված էր լքել ԱՄՀ ղեկավարի պաշտոնը, հրաժարվել Ֆրանսիայում քաղաքական հավակնություններից:
Քրեական հետապնդումից Ստրոսս-Կանը կարողացավ խուսափել բավարար ապացույցների բացակայության շնորհիվ, սակայն Մանհեթենի դատարանում նրա դեմ նոր`քաղաքացիական հայց ներկայացվեց:
Միաժամանակ, քաղաքական գործչի հայրենիքում նոր գործ է բացվել: Հետաքննությունը ԱՄՀ նախկին ղեկավարին կասկածում է մարմնավաճառների մասնակցությամբ կասկածելի երեկույթներ կազմակերպելու համար: Ստրոսս-Կանը խոստովանել է, որ եղել է ազատ հայացքներ ունեցող կանանց շրջապատում, սակայն վստահեցնում է, որ «գաղափար անգամ չի ունեցել, որ նրանք, ում հետ ժամանակ է անցկացրել, մարմնավաճառներ են եղել»:




































