ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցի առնչությամբ: Դրա առիթը տվել էր ադրբեջանական կողմը: Սեուլում վերջերս կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովին Ալիևի հնչեցրած անհեթեթ մեկնաբանություններից հետո Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է կրկնել իր նախագահի անհաջող քարոզչությունը ՄԱԿ ԱԽ-ում: Այդ առնչությամբ Կարեն Նազարյանը վերջիններիս տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից հնչած հայտարարությունը «պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի հակահայկական քարոզչական գրքի կրկնվող հերթական հատված, այլ ոչ թե որպես Հայաստանի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ արվող դիտարկումներ»:
Հայտնի է, որ 2011թ. հունիսին միջուկային տեղակայանների անվտանգության գծով փորձագետների միջազգային խումբն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարությամբ ուսումնասիրել էր ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը:
ԱԷՄԳ միջուկային տեղակայանների անվտանգության հարցերով ստորաբաժանման ղեկավարության ներքո փորձագիտական խումբը 2011թ. մայիսի 16-ից հունիսի 2-ը անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությամբ մանրամասն ուսումնասիրություն էր իրականացրել` հադես եկել զեկույցով, որում մասնավորպես ասվում էր. «Հայաստանը բարձր է գնահատվում միջազգային միջուկային հանրության հետ իր բաց համագործակցության համար»:
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն էլ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ էլ հայտնել էր, որ Հայաստանը շարունակում է հաստատակամություն և համաձայնություն ցուցաբերել միջազգային միջուկային անվտանգության դրույթներին և նպաստում դրանց իրագործմանը: Բազմակողմ մակարդակում և մասնավորապես ԱԷՄԳ հետ համագործակցության միջոցով Հայաստանը շարունակաբար ուժեղացնում և իրականացնում է ամուր և միասնական անվտանգության չափանիշներին ուղղված միջոցառումներ:
Կ. Նազարյանի խոսքով, դժբախտաբար, Ադրբեջանը, ցանկանալով օգտագործել իր Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընձեռնված յուրաքանչյուր հնարավորությունը Հայաստանին վարկաբեկելու համար, մոռանում է իրենից ակնկալվող ջանասիրության և փաստերը ստուգելու մասին: «Անհրաժեշտ է հիշեցնել, որ նման անփույթ հայտարարությունները ոչ միայն անընդունելի են Խորհրդում, այլ նաև սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը:
Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին Անվտանգության խորհրդում նման անհիմն ու սադրիչ գործողությունների վրա վատնած էներգիան և ռեսուրսները ուղղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում բովանդակային մասնակցությանը և ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հարատև լուծման ձեռքբերմանը»,– նշել է դեսպանը:









































