Գյումրիի քաղաքապետի փեսայի սպանությունը տխրություն է բերել Գյումրի: Այսօր «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում այս մասին ասաց «Շիրակ կենտրոն»–ի ղեկավար Վահան Թումասյանը՝ խոսելով Գյումրիում նախընտրական տրամադրությունների և սպանության հետևանքների մասին։
Նա չբացառեց, որ երկրաշարժի կոմպլեքսները դեռ պահպանվում են, քանի որ, երբ ինչ որ սպանություն կամ տխուր դեպք է պատահում, ամբողջ քաղաքի, բնակչության վրա ազդում է հոգեբանորեն, և չբացատրված տխրություն է տիրում քաղաքի մթնոլորտում։ Վահան Թումասյանի խոսքերով՝ Գյումրիի քաղաքապետի փեսան, ճիշտ է, երիտասարդ էր, բայց հայտնի անձ չէր, սակայն սպանության գործը մեծ հնչեղություն ստացավ և ամբողջ քաղաքի բնակչության տրամադրության վրա ազդեց։
Պատասխանելովայն հարցին, թե նոր բախումներ կլինե՞ն Գյումրիում՝ պայմանավորված նախընտրական գործընթացներով, Թումասյանն ասաց՝ ոչ։ «Ես ինքս նաև չեմ կարծում, թե վերջին սպանությունը որևէ առնչություն ուներ քաղաքականությանը, պարզապես մեր ժողովուրդը բոլորը ոչ միայն մեկ, այլև մի քանի կուսակցությունների անդամ են, ուստի հարցերն այսպես թե այնպես քաղաքականացվում են»,- մեկնաբանեց իր տեսակետը Վահան Թումասյանը:
Նա ասաց, որ հնարավոր է՝ փոքր քաղաքների հոգեբանությունն է կամ երկրաշարժի հետևանքներն են, երբ նման դեպքերը մեծ արձագանք են գտնում հասարակության մեջ:
«Սպանությունն առիթ էր, որ մարդիկ ընկճվեին, և ընդհանուր քաղաքում բավականին ծանր մթնոլորտ է՝ հիասթափված, որևէ ոգևորություն չկա։ Նույնիսկ ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների հանդիպումներին մարդիկ չեն մասնակցում։ Քաղաքը չի ապրում նախընտրական անցուդարձով»,- մեկնաբանեց Վահան Թումասյանը՝ դա պայմանավորելով ընտրությունների նկատմամբ հավատի կորստով, թեկնածուների սակավությամբ, ընտրություններին մասնակցող կուսակցությունների թեկնածուների պասիվ գործունեությամբ։ Ըստ նրա՝ Գյումրիում հասկանում են, որ Հայաստանում ընտրությունների նախընտրական կարգախոսներով, նախընտրական ակտիվությամբ չէ, որ թելադրվում է դրանց ելքը, այլ այլ ճանապարհներով՝ ընտրակաշառքով, մարդկանց կազմակերպված տեղամասեր տանելով, վարչական լծակներ օգտագործելով։ Նա նաև նկատեց, որ արդարացված չէ ընդդիմության պահվածքը։ Նրա խոսքերով՝ գոնե նրանք պետք է ակտիվացնեին իրավիճակը։
«Ամենապասիվ, ամենաանիմաստ ընտրություններն առջևում են, և եթե նման կերպ շարունակվի, և առաջին շաբաթների ընթացքում ակտիվություն չլինի, համեմատած նախորդ ընտրությունների հետ՝ բավականին նվազ մասնակցություն կլինի ընտրություններում»,- ասաց Վ․ Թումասյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի








































