«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ 2012 թվականի ապրիլի 11-ին Երևանի պետական համալսարանի բանասիրականի ռոմանոգերմանական ֆակուլտետում արձանագրվել է թոքային տուբերկուլյոզի դեպք: Հիվանդը ուսանողական պոլիկլինիկայից տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր»:
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ հիվանդի վիճակը գնահատվում է նորմալ: Նա ստանում է հարկավոր բուժօգնություն. «Հիվանդի կուրսից 17 երեխա, որոնք շփվել են նրա հետ հետազոտվել են ուսանողական պոլիկլինիկայում, և ոչ մեկի մոտ տուբերկուլյոզ չի հայտնաբերվել»:
Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է, որի աղբյուրը թոքային տուբերկուլյոզով հիվանդն է: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Տուբերկուլյոզը բուժելի է, իսկ բուժումը Հայաստանում անվճար է:
Հիվանդության նշաններն են`
• երկու շաբաթից ավելի հազ և խորխարտադրություն,
• ցավեր կրծքավանդակում,
• շնչահեղձություն,
• հնարավոր է արնախխում,
• ջերմության տատանումներ,
• գիշերային քրտնարտադրություն,
• քաշի կորուստ, ախորժակի անկում,
• հոգնածության մշտական զգացում:











































