Անշարժ գույքի շուկայում սպասողական վիճակ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանն այդ իրադրությունը կապեց մի շարք գործոնների հետ՝ ընտրությունների, հարևան երկրներում՝ Սիրիայում, Իրանում, իրադրության անորոշության հետ:
Ընդհանրապես, վերջին 5 տարիների ընթացքում այս ոլորտում տարբեր գործոններով պայմանավորված ամենաակտիվ շրջանները եղել են հունվարի վերջից մինչև մայիս: Գլոբալ ակտիվացում, Հ. Բաղդասարյանի խոսքով, սպասվում է փոքր ու միջին ձեռներեցության ակտիվացման հետ:
«Անշարժ գույքը միայն ինքն իրենով չի կարող զարգանալ, մինչև տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսը զարգացում չապրի, այսինքն` ինքը ճանապարհ չփռի դեպի միջին ու խոշոր դառնալու հնարավորության ստեղծում: Երբ այդ խնդիրը լուծված կլինի, դրան միանշանակ կհաջորդեն անշարժ գույքի զարգացման միտումները: Ամեն ինչ փոխկապակցված է, եթե, իհարկե, պահպանվում է քաղաքական կայունություն և այլ գործոններ չեն ավելանում»,- ասաց Հ. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Երևանում բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2011թ. դեկտեմբերի համեմատ 2012-ի հունվարին նվազել են 2.0%-ով, մարզերում՝ 0.1%-ով, իսկ 2011-ին 2010-ի համեմատ՝ նվազումը կազմել էր 5.5%:









































