Շաբաթ օրը Ամերիկայի Հյուսթոն քաղաքում չորս ժամում 4 բանկ է թալանվել: Այս մասին հաղորդում է տեղական KTRK հեռուստաալիքը:
Հանցագործների հարձակմանն են ենթարկվել Wells Fargo բանկի երկու մասնաճյուղերը, ինչպես նաև Chase Bank-ը և Compass Bank-ը: Բոլոր դեպքերում էլ հարձակումներն իրականացրել են զինված մարդիկ: Տուժողներ չեն եղել:
Առաջին բանկը թալանվել է տեղական ժամանակով 10:30-ին: Հանցագործը մտել է բանկ և գանձապահին երկտող փոխանցել, որով պահանջել է տալ փողերը: Ստանալով ուզածը` նա հեռացել է բանկից:
Հաջորդ թալանը կատարել են երկու զինված տղամարդկիկ, և այդ ժամանակ էլ ոչ մի կրակոց չի հնչել:
Եվս մեկ զինված հարձակում կատարվել է մի բանկի վրա, որը տեղի ոստիկանական բաժանմունքից 40 մ է հեռու: Ականատեսի խոսքով` երբ հանցագործը հեռանում էր, մի անգամ կրակել է բանկի առաստաղին:
Վերջին թալանը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:30-ին: Տղամարդը կրկին երկտող է փոխացել գանձապահին և նրան սպառնացել զենքով, որը, սակայն, չի երևացել անվտանգության տեսախցիկների նկարահանած տեսանյութում:
Ինչպես հայտնում է FBI-ը, առայժմ ոչ մի հավաստի տեղեկություն չկա, որ այդ հանցագործությունները փոխկապակցված են:









































