Վերջ: «Կամպ Նոու» մարզադաշտում ավարտվեց «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը. Մադրիդը գրավեց Կատալոնիան` բազմակետի փոխարեն դնելով վերջակետ: «Ռեալ»-ը գործնականում նվաճեց Լա Լիգայի չեմպիոնի կոչումը:
Ալբերտո Ունդիանո Մալենկոյի` խաղասկիզբն ազդարարող սուլիչից հետո գրոհների տարափ տեղաց Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասին: 17-րդ րոպեին գերմանական համառությունը ծնեց «Ռեալ»-ի առաջին գոլը. խառնաշփոթ իրավիճակում ամենաարագը կողմորոշվեց Սամի Խեդիրան: «Կամպ Նոու»-ն լռում է:
Չեն ստացվում «Բարսելոնա»-ի եզրային գրոհները: Ֆանտաստիկ հանդիպում անցկացրած Ֆաբիո Կոենտրաոն «նվաճել» էր ձախ եզրը` չեզոքացնելով Դանի Ալվեսին: Աջ եզրում «Ռեալ»-ն ավանդաբար խնդիրներ ունեցավ. Տելյոն վրիպեց նպաստավոր դիրքերից: Խաղադաշտի կենտրոնական հատվածում դիրքային փայլուն ֆուտբոլ էին ցուցադրում Խաբի Ալոնսոն և Սամի Խեդիրան` կասեցնելով Մեսսիի առաջխաղացումը: Առաջին խաղակեսն ավարտվեց: 98 հազար երկրպագուներ սպասում են իրենց թիմի հաջողությանը:
Երկրորդ խաղակեսում «Բարսելոնա»-ն շարունակում էր ճանապարհներ որոնել դեպի Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը, սակայն ամեն անգամ բախվում էր մադրիդյան պատնեշին: 70-րդ րոպեին Չավիին փոխարինեց Ալեքսիս Սանչեսը: Գվարդիոլան չխնայեց նույնիսկ վնասվածք ստացած չիլիացուն, ով վայրկյաններ անց ոգևորույթան ալիքը վերադարձրեց մարզադաշտ. 1:1: Անցավ 3 րոպե … գերմանական դեսանտի մյուս ներկայացուցիչը` Մեսութ Օզիլը, աջ եզրից կատարած շքեղ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Քրիշտիանու Ռոնալդուին. պորտուգալացին չէր կարող վրիպել: Ռոնալդուի 42-րդ գոլը հաղթանակ պարգևեց «արքայական ակումբ»-ին:
Մոուրինյոն վերադարձավ Իսպանիա` իր հետ Մադրիդ բերելով չեմպիոնի կոչումը:
Barcelona 1-2 Real Madrid – All Goals by goalsarena2012-3






































