Շվեյցարիայում Շառլ Ազնավուրը փնտրելու է քաղաքներ՝ համերգներ կազմակերպելու և Հայաստանի համար գումար հավաքելու նպատակով: Huffington Post-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը`խոսելով իր տարիքի և թոշակի անցնելու շուրջ:
Նա նշել է, որ ունի այդ ուժն ապրելու ավելին, քան այլ մարդիկ: «Օրերս իմ մենեջերն ասաց՝ հոկտեմբեր ամսին անելիքներ չունենք, մի բան գտիր անելու: Այսպիսով` մենք պատրաստվում ենք Շվեյցարիայում քաղաքներ գտնել, համերգներ կազմակերպել՝ Հայաստանի համար գումար հավաքելու նպատակով: Բացի այդ, ես կվայելեմ մի լավ գործ անելու հաճույքը»,- նշել էր շանսոնյեն`շարունակելով, որ իր գաղտնիքն այն է, որ հոգնած է լինում առավոտյան ժամերին, ուստի ժամանակն անցկացնում է լողալով, թեև լավ լողորդ չէ:
Ըստ նրա` ամեն առավոտ 340 մետր լողում է:
Նա մի գաղտնիք էլ է բացահայտել՝ ասելով, որ թիկունքի համար մի սարք ունի, և ոչ ոք չի կռահում, թե դա ինչ է, բայց ունի: «Ես օրվա ընթացքում երեքի փոխարեն երկու անգամ եմ սնվում: Երկու անգամ շատ թեթև սննդակարգով: Ես միշտ ուշադիր եմ եղել, որ իմ երեխաները չգիրանան: Շատ դժվար է նման կյանքով ապրելը»,- ասել է հայազգի գործիչը` սննդակարգին հետևելը շատ կարևոր համարելով:
Լրագրողի այն դիտարկմանը, թե իրեն բացահայտել է Էդիտ Պիաֆը, արձագանքել է, որ այդպես չէ. երգչուհուն հանդիպել է ռադիոծրագրի ժամանակ, որի ընթացքում նա Շառլ Ազնավուրի երգերը հետաքրքիր է համարել և երեկոյան Շառլն արդեն նրա տանն է եղել: Ըստ նրա` 8 տարի շարունակ, մինչ Պիաֆի մահը, իրենք մտերիմ ընկերներ են եղել:
Շառլ Ազնավուրը նաև պատմել է, որ երգչուհուն երբեք բարկացած չի տեսել: «Նա մեծ հումորի տեր էր, իսկ նրա մասին ֆիլմերում ամենևին հումոր չկա»,- նկատել է Շառլ Ազնավուրը:









































