Bhoja Air ավիաընկերության ղեկավար Ֆարուք Բհոջեին արգելել են լքել Պակիստանը: Հիշեցնենք, որ հենց այս ավիաընկերության ինքնաթիռն է վթարի ենթարկվել Իսլամաբադի մոտակայքում: Լուրերն այն մասին, որ գործարարը ընդգրկված է երկրից դուրս գալու թույլտվություն չունեցող անձանց ցուցակում՝ հաստատել է երկրի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը:
«Եթե ավիաընկերությունը բավարար միջոցներ չունի լրացուցիչ ինքնաթիռներ գնելու համար, դա չի նշանակում, որ պետք է գնի 30 տարուց ավելի օգտագործված ինքնաթիռ: Դա սայլ չէ, որ նման կերպ մոտենան հարցին»,- ասել է նախարարը մեկնաբանելով ստեղծված իրավիճակը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ ավիավթարի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում տեխզննման կենթարկվեն ավիաընկերության տրանսպորտային բոլոր միջոցները:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Պակիստանում վթարի է ենթարկվել Bhoja Airline ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 138 մարդ:









































