«Հրապարակ»-ը գրում է, որ նախօրեին Հանրային խորհրդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԽ անդամ, Բրյուսովի ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով, օգտվելով առիթից, խոսել է իր թեմայով՝ նշելով, որ իրեն ասում են, որ իր՝ աշխատանքից ազատման հարցը ամենա-ամենա վերևների հետ համաձայնեցված է:
«Այս կեսբերան մեղադրանքից ՀՀ նախագահը փոքր-ինչ նեղացել է ու ասել. «Սուրիկ, եթե նկատի ունես, որ ինձ հետ է համաձայնեցվել, ասում եմ, որ ոչ, չի համաձայնեցվել»:
Ներկաները հեռուն գնացող հետևություններ են արել այս խոսակցությունից, թե սա այն Զոլյանն է, որ Մարտի 1-ից հետո հանդես եկավ իշխանություններին պաշտպանող և ընդդիմությանը մեղադրող հոդվածով: Այսինքն՝ իշխանությունը չի գնահատում նրանց, ովքեր կաշվից դուրս են գալիս և, սկզբունք ու արժանապատվություն մի կողմ թողած, հավատարիմ ծառայում իրեն»,- հավելում է թերթը:










































