Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ՝ ամերիկացի կոնգրեսական Ջոն Սարբանեսը Սպիտակ տանը կոչ է արել այս շաբաթ հայտարարություն անել Հայոց ցեղասպանության լիովին ու պաշտոնական ճանաչման օգտին:
Նա նշել է, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականության նկատմամբ պայքարելուց ԱՄՆ-ի կառավարության հրաժարվելը նման է հայ ժողովրդի վերքի վրա աղ լցնելուն. «Ավելին դա ընդհանրապես բացասաբար է անդրադառնում մեր երկրի բարոյական հեղինակության վրա:
Հայոց ցեղասպանության բացարձակապես համոզիչ գիտական հետազոտությունների ֆոնին կատարելապես անհնար է դառնում պնդելը, թե ցեղասպանություն չի եղել: Չնայած դրան՝ Կոնգրեսում շատերը հանդես են գալիս ժխտման օգտին, քանի որ ցեղասպանության ճանաչումը կվնասի Թուրքիայի հետ մեր հարաբերություններին ու խաթարի մեր աշխարհաքաղաքական շահերը:
Մյուսները կարծում են, որ ներկայումս պարզապես հարմար ժամանակ չէ, որ ճանաչման հարցն ակտիվանա: Ես միանում եմ նրանց, որոնք Կոնգրեսի իմ գործընկերներին ու նախագահ Բարաք Օբամային կոչ են անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:







































