Մեքսիկայում 2011թ. 160 հազարից ոչ պակաս մարդ, վախենալով սեփական անվտանգության համար, ստիպված է եղել լքել սեփական բնակավայրը: Այս մասին ասված է երեկ` ապրիլի 19-ին Ժնևում հրապարակված ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարի զեկուցման մեջ:
Առավել տուժել են մեքսիկական Չիուաուա, Տամաուլիպաս, Նուեվո Լեոն, Դուրանսո, Սինալոա, Միչոական ու Գերերո նահանգները: Հենց այստեղ է ծաղկում նարկոմաֆիան, ինչպես նշված է զեկուցման մեջ:
Մասնավորապես, միայն Սյուդադ-Խուարես քաղաքում, որը տեղակայված է ԱՄՆ-ի հարևանությամբ, մեկ տարում իր տունը լքել է 24.5 հազար մարդ: Քաղաքը հայտնի է նրանով, որ 2010թ. ճանաչվել է աշխարի ամենավտանգավոր բնակավայր ու նրանով, որ հենց այստեղով է տեղափոխվում ԱՄՆ ուղարկվելիք թմրամիջոցների խմբաքանակը:
Հատկանշական է, որ ապրիլի սկզբին նմանատիպ զեկուցմամբ էր հանդես եկել նաև Մեքսիկայի գործարարների համադաշնությունը, որի տվյալների համաձայն` բռնությունների ու անվտանգության բացակայության պայմաններում 2011թ. մեքսիկայում փակվել է ավելի քան 160 հազար արտադրություն:









































