Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի զայրույթը և նրա մեկնաբանությունները` կապված ՆԱՏՕ-ի և Վրաստանի հետ, պայմանավորված են այն հանգամանքով, որ «այսօր ամբողջ աշխարհը գտնվում է մի կողմում, իսկ Ռուսաստանը` մյուս կողմում»:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի շրջանակներում Լավրովը Բրյուսելում հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանությունները զարմանում են, որ Վրաստանը մինչև հիմա պահպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածության կարգավիճակը:
«Ռուսաստանը գործնականորեն մեկուսացված է միջազգային հարաբերություններում, որի պատճառով ստիպված է լինում արդարանալ նշանակալի ֆորումների և տարբեր ձևաչափ ունեցող բանակցությունների ժամանակ, ինչը հիմք է ծառայել Լավրովի զայրույթի համար: Եվ սա ապացուցում է, որ Վրաստանի ուղղությունը ճիշտ է»,- ասել է Բակրաձեն: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն երեք տարի է՝ անում է ամեն ինչ, որպեսզի Վրաստանը ոչ միայն շեղվի եվրաատլանտյան ուղղությունից, այլ նաև դադարի գոյություն ունենալ` որպես անկախ պետություն:
«Բայց, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք զարգանալ, մենք վերցրել ենք ՆԱՏՕ մտնելու ուղղությունը, և այն հաջող է: Սա ապացուցում է այն եզրակացությունը, որ Ռուսաստանը փաստացի միայնակ լողում է հոսանքին հակառակ»,- հավելել է Բակրաձեն:









































