ՀՀ մշակույթի նախարարությունը, Ա. Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը ապրիլի 27-ից մայիսի 3-ը անցկացնում են Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 9-րդ հանրապետական մրցույթը:
Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի պատանի դաշնակահարներին, օժանդակել նրանց ստեղծագործական գործունեությանը, նախապատրաստել միջազգային մրցույթների, նպաստել հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների տարածմանը:
Պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթին կարող են մասնակցել կրտսեր (2012 թ. մարտի 1-ի դրությամբ մինչև 12 տարեկան ներառյալ) և ավագ խմբերի (2012 թ. մարտի 1-ի դրությամբ 13-15 տարեկան ներառյալ) պատանի դաշնակահարներ:
Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 9-րդ մրցույթի մասնակցության համար ներկայացվել է շուրջ 76 հայտ Երևանից, Արցախից և ՀՀ մարզերից: Մրցույթի հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները՝
1-ին մրցանակ – դիպլոմ և դրամական պարգև
2-րդ մրցանակ – դիպլոմ և դրամական պարգև
3-րդ մրցանակ – դիպլոմ և դրամական պարգև:
Այն մասնակիցներն, ովքեր մրցույթի 2-րդ փուլում մրցանակների չեն արժանանա կպարգևատրվեն խրախուսական պատվոգրերով, սահմանված են նաև հատուկ մրցանակներ:
Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթի բացման արարողությունը կկայանա ապրիլի 27-ին, իսկ փակումը՝ մայիսի 3-ին «Ա. Բաբաջանյան» համերգասրահում:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ անվանի կոմպոզիտորի անունը կրող մրցույթը հիմնադրվել է 1986 թ. և անցկացվում է 3 տարին մեկ անգամ:









































