Ֆլորիդայի շրջանային դատավոր Ջեսիկա Ռեքսիդլերը, որը քննում էր սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինի սպանության գործը, ինքնաբացարկ է հայտարարել: Այս մասին ապրիլի 18-ին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ռեքսիդլերն այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ սպանության մեջ մեղադրվող Ջորջ Ցիմերմանի փաստաբանը մատնացույց է արել դատավորի ամուսնու հետ կապված շահերի հնարավոր կոնֆլիկտը:
Ռեքսիդլերի ամուսինն աշխատում է այն փաստաբանի` Մարկ Նիջեյմի հետ, որին փորձում էր վարձել Ցիմերմանի ընտանիքը: Նիջեյմը հրաժարվել էր և Ցիմերմանի հարազատներին առաջարկել էր դիմել Մարկ Օ’Մարային, որը համաձայնել էր պաշտպանել նրան ու դատավոր Ռեքսիդլերին մատնացույց էր արել շահերի հնարավոր կոնֆլիկտը` ընդգծելով, որ ավելի լավ կլինի` այդ հարցը լուծվի դատական գործի հենց սկզբում:
Ռեքսիդլերի փոխարեն դատական հաջորդ նիստը կնախագահի Քենեթ Մ. Լեստեր-Կրտսերը: Դատական հաջորդ լսումը նշանակված է ապրիլի 20-ին:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2012 թ. փետրվարի 26-ին: Շրջանում պարեկություն կատարող 28-ամյա Ցիմերմանին կասկածելի էր թվացել 17-ամյա Մարտինի տեսքը, և նա այդ մասին հաղորդել էր 911-ով, այնուհետև սկսել էր հետևել Մարտինին: Նրանց միջև վեճ էր բռնկվել, որի ժամանակ էլ Ցիմերմանը կրակել էր երիտասարդի վրա: Սկզբնապես Ցիմերմանի դեմ մեղադրանք չէր ներկայացվել, քանի որ ոստիկանությունը, հենվելով նրա ցուցմունքների վրա, եզրակացրել էր, որ դա ինքնապաշտպանություն է եղել:








































