Ամերիկացի օդաչու Քլեյտոն Օսբորնի փաստաբանը, որի պաշտպանյալի ոչ ադեկվատ գործողությունների հետևանքով օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել, պատմել է իր ընտրած պաշտպանական գծի մասին: Ինչպես ապրիլի 18-ին հաղորդում է Associated Press գործակալությունը, նա ասել է, որ իր պաշտպանյալը տառապում է հոգեկան խանգարմամբ:
CNN-ն էլ իր հերթին նշում է, որ Օսբորնի հարցով դատական լսումները հետաձգվել են այնքան ժամանակ, մինչև չանցկացվի հոգեբուժական փորձաքննություն:
Որոշումն այն մասին, որ օդաչուն պետք է տեղափոխվի հոգեբուժական հիվանդանոց, կայացվել է երկու շաբաթ առաջ:
Associated Press-ի տվյալով` ներկայում Օսբորնը դեռ գտնվում է Տեխասի բանտում:
Քլեյթոն Օսբորնը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ սկսել էր իրեն ոչ ադեկվատ պահել JetBlue ընկերությանը պատկանող ինքնաթիռում, որը թռիչք էր կատարում Նյու Յորքից դեպի Լաս Վեգաս: Օսբորն անսպասելի սկսում է արտասանել ահաբեկչության, հավատի, Լաս Վեգասի մեղքերի մասին արտահայություններ: Երկրորդ օդաչուն ուղևորների հետ կարողանում է նրան չեզոքացնել, և ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարում Տեխասում:
Օսբորնին առաջադրվել է ինքնաթիռի անձնակազմի գործողություններին միջամտելու մեղադրանք: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:









































