ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանն առնվազն զարմանալի ու ծիծաղելի է համարում, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր պաշտոնավարման տարիներին խուսափել է բարձրաձայնել ընդդիմության հանդեպ ճնշումների մասին և դրանց մասին խոսում է միայն այժմ:
Նման տեսակետ Այվազյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Օսկանյանի այսօր հայտնած այն մտքին, որ ՀԱԿ-ի դեմ ճնշումների դեպքերը պետք է հնարավորինս շուտ դատապարտվեն ու կանխվեն:
«Նա այն ժամանակ միտումնավոր կերպով չէր ցանկանում նկատել ընդդիմության հանդեպ գործադրվող ճնշումները, և այլ խնդիր էր լուծում, մասնավորապես, որպեսզի ընտրությունների արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին եղան, և որպեսզի ինքը մնա իշխանության: Չճշտված տեղեկությունների համաձայն՝ այն ժամանակ դրա համար Վարդան Օսկանյանին վարչապետի պաշտոն էին խոստացել: Հիմա ոչ մի բան չի փոխվել, ուղղակի այժմ էլ ամեն ինչ անում է, որ կրկին իշխանության գա: Պարզապես տպավորություն է, կարծես Վարդան Օսկանյանը հիշողության կորուստ ունի: Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ մեկնաբանելու կարիք անգամ չկա»,- ասաց ՀԱԿ անդամը:
Հիշեցնենք, որ Հանրային վերահսկողության շտաբի աշխատանքների վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ Օսկանյանը նշել էր. ինքը տեղյակ է և ցավալի է համարում, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքեր են գրանցվում:
«Նման դեպքերը պետք է հնարավորինս շուտ դատապարտվեն ու կանխվեն, քանի որ այդ ամենն ի վերջո ստվեր է գցելու ընտրությունների արդարացիության և մեծ հաշվով՝ նաև արդյունքների վրա: Եթե որևէ պատգամավորության թեկնածուի աշխատանքներ խոչընդոտվում են, նշանակում է՝ հավասար պայմաններ չկան:











































