Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը Գագիկ Ծառուկյանին հարցրել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է դեմ դուրս գալ ՀՀԿ իշխանական մենաշնորհին և գործող ռեժիմին, Ծառուկյանը պատասխանել է. «Ո՞նց դեմ դուրս գալ։ Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան չի առաջարկում: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պահանջում է արդար, բաց, թափանցիկ ընտրություններ, որին մենք կողմնակից ենք»: Երևի թե որևէ մեկը առավել հստակ և դիպուկ չէր պատասխանել և ըստ էության ի ցույց դրել Հայ ազգային կոնգրեսի նախընտրական մարտավարության, մեղմ ասած, սխալականությունը՝ ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին ԲՀԿ-ից տարանջատելու և իշխող համակարգը միայն նրանց վերագրելու մասով, որքան հենց ինքը ԲՀԿ-ն:
«Ոնց թե դուրս գալ համակարգի դեմ», անկեղծորեն զարմանում է Գագիկ Ծառուկյանը՝ ըստ էության, երևի թե, զարմանալով նաև, թե այդ որ միամիտի մտքով է անցել, որ ես կարող եմ դուրս գալ մի համակարգի դեմ, որի ծնունդն եմ, որի հենասյունն եմ հանդիսացել, որից սնվել եմ տարիներ շարունակ, և որի մաս կազմելու շնորհիվ եմ այսօր Գագիկ Ծառուկյան ու ԲՀԿ կուսակցություն: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն պարզապես ծիծաղելի վիճակի մեջ է դնում Հայ ազգային կոնգրեսին, որը համառորեն փորձում է Բարգավաճ Հայաստանին զատել համակարգից և ներկայացնել իբրև ազատության և արդարության համար մարտնչող քաղաքական ուժ: Իրականում «Բարգավաճ Հայաստանը» մարտնչում է իր ազատության և իր արդարության, կամ այսպես ասած՝ ազատության և արդարության իր պատկերացումների համար:
Իսկ թե ինչպիսին են այդ պատկերացումները, շատ լավ կարելի էր պատկերացնել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը նախընտրական հանրահավաքներին մասնակցում է զինված: Ի վերջո, զենքի ուժն է Հայաստանում իշխող համակարգային գիտակցությունը: Մյուս կողմից, կարծես թե նկատելի է նաև մեկ այլ միտում: «Բարգավաճ Հայաստանը» հմտորեն, այսպես ասած՝ սիրաշահելով Կոնգրեսին և նախընտրական շրջանի մեկնարկին նրանից լոյալ վերաբերմունք կորզելով, այսօր արդեն, կարծես թե, կամաց-կամաց սկսում է Կոնգրեսին դնել բավական անհարմար դրության մեջ, կամ այլ կերպ ասած՝ ուղղակի հերթական անգամ Կոնգրեսին թողնել կոտրած տաշտակի առջև: Բանն այն է, որ դրանից հետո Կոնգրեսն է՛լ ավելի ծիծաղելի վիճակում է հայտնվելու, եթե հանկարծ սկսի քննադատել «Բարգավաճ Հայաստանին» այն երկարատև և բուռն ռևերանսներից հետո, որ անում է այդ ուժի հանդեպ:
Այդպիսով, ԲՀԿ-ն նախ ապահովագրեց իրեն Կոնգրեսի քննադատությունից, իսկ հետո սկսեց արդեն ապահով զգալով հանդերձ՝ ծիծաղելի վիճակում թողնել Կոնգրեսին և նաև միաժամանակ մերկացնել այդ քաղաքական ուժի, մեղմ ասած, սխալ նախընտրական մարտավարությունը և սխալ հաշվարկը: «Բարգավաճ Հայաստանն», ըստ էության, արդեն իսկ ընտրությունից մի քանի օր առաջ փոքր հաղթանակ է տանում, իհարկե՝ ոչ ՀՀԿ-ի, այլ Կոնգրեսի նկատմամբ, բայց ամենայն հավանականությամբ ոչ միայն իր, այլ նաև ՀՀԿ համար: Կամ՝ եթե ոչ ՀՀԿ համար, ապա հետո այդ հաղթանակը թանկ գնով ՀՀԿ-ին վաճառելու համար:








































