Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը մարտավարական խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ զորավարժությունները մեկնարկել են ապրիլի 12-ին և ավարտվել են այսօր: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին մասնակցել է 1200 զինծառայող, 21 նավ, 20 արագընթաց մոտորանավակ, 8 ուղղաթիռ, ինչպես նաև զենիթա-հրթիռային սարքեր, խոշոր տրամաչափի գնդացիրներ ու հրթիռային արձակման տարբեր սարքեր:
Զորավարժությունների ուշադրության կենտրոնում է գտնվել Կասպից ծովի ադրբեջանական կղզիներում նավթագազային հարթակների և դրանցում արդյունահանվող ածխաջրածինները փոխադրող խողովակաշարերի պաշտպանությունը։









































