Հայ ազգային կոնգրեսի անդամ, Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ-ի մարզային հանրահավաքների սակավամարդությունը պայմանավորում է ահաբեկումներով: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ուր գնում ենք, տեսնում ենք, թե որքան են մարդկանց վախեցրել: Բացի այդ, մենք մեր հանրահավաքներին ավտոբուսներով մարդիկ չենք տանում, ուսուցիչներին ու բժիշկներին իրենց գործից չենք կտրում, որ մեկն իր դասերը, մյուսը՝ հիվանդներին թողած, ստիպված չլինի գալ հանրահավաքի: Ընտրողները ՀԱԿ-ի հանրահավաքներին գալիս են ինքնաբուխ, իրենց ցանկությամբ: Եվ եթե ՀՀԿ ու ՕԵԿ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը գնում են ընտրողների հետ հանդիպումների և ավտոբուսներով մարդկանց չեն տանում, նրանց 5-7 հոգի է դիմավորում: Իսկ մեզ՝ հարյուրավորները»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
ՍԴՀԿ ատենապետը համոզմունք հայտնեց, որ նախընտրական քարոզչության վերջում ՀԱԿ-ի հանրահավաքներին ավելի մեծ թվով մարդիկ են հավաքվելու, հետաքրքրությունն էլ ավելի է մեծանալու:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ապրիլի 20-ին կայանալիք հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսը նախընտրական քարոզարշավն ավելի թեժացնող շեշտադրումներ անի, Սարգսյանը պատասխանեց. «Ոչինչ չի բացառվում, որովհետև ամեն օր նոր հանգամանքներ են պարզվում, նոր բացահայտումներ են լինում: Հետևաբար ուրբաթ օրվա հանրահավաքը լի է լինելու նորություններով»:
Ամփոփելով՝ ՍԴՀԿ ատենապետը վստահություն հայտնեց, որ ՀԱԿ-ը նոր գումարման ԱԺ-ում առնվազն 40 տեղ է ունենալու:










































