Հարգելի Նախագահ, ցավ եմ ապրում այն խոսքերիս համար, որը արտահայտվելու եմ իմ երկրի իրավական համակարգի մասին:
Երկար տարիներ իրավական համակարգին մոտ լինելով ՝ ականատես եմ եղել թե՛ օրինական, թե՛ ապօրինի մեղադրանքների, սակայն նման փաստ, որ տեղի է ունեցել որդուս հետ, ինձ չի հանդիպել, և նրա երիտասարդ կյանքն ու ընտանիքը այսօր դրվել են վտանգի տակ:
Խոսում ենք իրավական երկիր ստեղծելու մասին, սակայն խոսքն ու գործը իրար չեն համապատասխանում: Ի՞նչ իրավական երկրի մասին է խոսքը, եթե մարդ արարածը` հանձինս իմ որդու` Արման Միքայելյանի, որը ընդամենը երեսուն տարեկան է, խնամքին ունի հիվանդ կին, հաշմանդամ մայր, երկու անչափահաս մանկահասակ երեխաներ, 2010թ. նոյեմբերի 28-ից մինչ օրս գտնվում է կալանքի տակ և պատժվել է մի բանի համար, որից ինքը տեղյակ չէ` խոսքը վերաբերում է թիվ 6910810 քր.գործին, որտեղ հիմնական մեղադրյալը `Համլետ Հայկի Դավթյանն է, իսկ իմ որդին` Արման Համբարձումի Միքայելյանը, որպես Համլետ Դավթյանի գործողությունների օժանդակող, մեղադրվում է 38-132 հ. 2-րդ մասի 1-4 ենթակետերով, հետագայում քննիչ Դ. Գևորգյանը իր կեղծ մեղադրանքը հիմնավորելու համար արհեստածին եղանակով ավելացրել է 266 հ.1-ին մասը:
Հարգելի Նախագահ, ես Ձեզ կատարվող քննչական ապօրինի գործողությունների, ինչպես նաև դատարանի գործողությունների մասին բազմիցս գրել եմ, հանդես եմ եկել «մամլո ասուլիսով», տարբեր լրատվական ատյաններով, գրել եմ նաև գլխավոր դատախազին և ընդունելության եմ եղել գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի մոտ և բոլոր փաստերը, իմ որդու նկատմամբ ապօրինի մեղադրանք առաջադրելու հետ կապված հիմնավորումները ներկայացրել եմ:
Ցավալին այն է, որ ողջ քրեական գործից և դատաքննությունից «կրիչները գտնվում է իմ ձեռքում» հստակ և ակնհայտ երևում է, որ իմ որդին ՀՀ քր. օր.-ի 38-132 հ. 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով և 266 հ. 1-ին մասով մեղադրվում է ապօրինի: Իմ որդու նկատմամբ կատարվում է պատվեր: Ես ինչի մասին խոսում եմ, այդ բոլոր փաստերը քր. գործում առկա են:
Համլետ Դավթյանին իսկական օժանդակողները, որոնք՝ մեկը 2003թ. «Ինեսա Խաչատրյան», մյուսը՝ 2008թ. «Նարե Հարությունյան», բացահայտ գործել են Համլետ Դավթյանի հետ և նրան օժանդակել են այդ տարիներին, սակայն ՀՀՔԳՎ քննիչ Դ. Գևորգյանը, հետագայում մեղադրանքը հաստատող դատախազը, գործարքի մեջ մտնելով իսկական հանցագործների հետ, Համլետ Դավթյանին ազատ են արձակել իբր հիվանդության պատճառով, իսկ Ինեսա Խաչատրյանը և Նարե Հարությունյանը, որոնք իրենց օժանդակության մասին հիմնավորել են քննիչին տրված բացատրություններով և ցուցմունքներով, նաև դատաքննության ժամանակ, գործով անցնում են որպես տուժողներ:
Արհեստածին, քննիչի «հմուտ» ձեռքով ստեղծած տուժողներից «Ինգա Կուտոշինը» նույնիսկ քննիչին դիմում է գրել 7-02-2011թ., որ ինքը «Համլետ Դավթյանից չի տուժվել այլ Ինեսա Խաչատրյանից», սակայն մեղադրականում, ինչպես նաև դատավճռում որդուս մասով անցնում է որպես տուժող:
Քր. գործից երևում է, որ իմ որդուն ձերբակալելու իսկ պահից կատարվել է ապօրինություն մինչ օրս: Համլետ Դավթյանը մեզ հեռու բարեկամ է և 2010թ. ամռանը պատահական հանդիպման ժամանակ խնդրել է իր կողքին լինել, քանի որ ինքը հիվանդ է և առաջին իսկ հնարավորության դեպքում կօգնի նրան բիզնես ստեղծելու և աշխատանք գտնելու:
Որդիս Համլետ Դավթյանի կողքին եղել է ընդամենը ամբողջությամբ վերցրած երկու ամիս և այն էլ խաղատներում, սակայն այսօր, իսկական հանցագործները ազատության մեջ են, իսկ որդուս, որը վատառողջ է, զրկել են ազատությունից և դատապարտել են 8 տարի ազատազրկման:
Ի՞նչ իրավական երկիր ստեղծելու և դատական ատյանների անաչառության մասին է խոսքը, երբ խոսքը գնում է «գործարքների» և անձին «պատվերով» մեղադրելու մասին: Հանցագործ խմբի գործունեությունը «խնամքով» թաքցրել են:
«Թրաֆիքինգի» կեղծ բացահայտման ձևով ցուցանիշ ենք ապահովում եվրոպական պետություններին «ցուցադրելու», թե իբր պայքարում ենք «թրաֆիքինգի» դեմ, պատժելով անմեղ մարդու, խորտակելով նրա ճակատագիրը, առողջությունը, ինքնահոսի թողնելով նրա մանկահասակ երեխաներին, հիվանդ կնոջը, հաշմանդամ մորը, իսկ իսկական հանցագործներին թողնում ենք անպատիժ, նույնիսկ «տուժողի կարգավիճակում, որպեսզի օրենքի հովանավորությամբ» շարունակեն անմեղ ընտանիքներ խորտակել:
Այս քրեական գործը Համլետ Դավթյանից Ինեսա Խաչատրյանից, Նարե Հարությունյանից բացի, ունի բարձր պաշտոնյա հովանավորներ, նույնիսկ Ազգային ժողովում դեպուտատության թեկնածություն առաջադրված անձինք:
Եթե դատաքննությունը չպետք է պարզի քր. գործի հիմնավորումները կամ մեղադրյալի կատարած արարքը որքանով է հիմնավորված, կամ մեղադրյալի օգտին հիմնավորվող փաստերը և ապացույցները դատարանը չպետք է գնահատի, և դատավճռի հիմքում դրվեն փաստեր, որոնք ոչ նախաքննությամբ են հիմնավորվել, ոչ դատաքննությամբ, և մարդուն «պատվերով» դատապարտի 8 տարի ազատազրկման, ինչպես կատարեց մեր դեպքում Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ապա ինչո՞ւ համար են դատարանները:
Որդուս պաշտպան Թամարա Պողոսյանը 26-03-2012թ., ժամ 12-00-ին դատարանին ներկայացրեց 10 էջից բաղկացած պաշտպանական ճառ, որում ինչպես մյուս պաշտպան Վաղինակ Աթոյանը, բոլոր հիմնավորումներով նախաքննության մարմինների ապօրինությունների, «տուժողներ» Ինեսա Խաչատրյանի, Նարե Հարությունյանի իրարամերժ ցուցմունքների, որը դատարանը պարտավոր էր գնահատել, ոչ արժանահավատ ապացույց դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների մասին, դատարանը պետք է լուրջ ուսումնասիրեր, բազմակողմանի հետազոտության արդյունքում, ապացույցների, որոնք խոսում էին մեղադրյալի օգտին, գնահատվեին ըստ արժանվույն ի օգուտ մեղադրյալի, ինչպես նախատեսում է ՀՀ քր. դատ. Օր.-ի պահանջները, նոր կայացվեր դատավճիռ, մեր հարգարժան դատավորը` Մնացական Մարտիրոսյանը, նույն օրը 26-03-2012թ., ժամը 12-45 րոպեին, ճառը ավարտելուց անմիջապես հետո, անցավ ամբաստանյալի վերջին խոսքին և օգտագործելով միայն ընդմիջման ժամը, հրապարակեց դատավճիռը, որդուս տալով 8 տարի ազատազրկում և 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանք` վճռի հիմքում դնելով մեղադրական եզրակացությունը և այնպիսի փաստեր, որոնք ոչ նախաքննությամբ է հիմնավորվել ոչ դատաքննության ընթացքում:
Հարգելի Սերժ Ազատի Սարգսյան , այսօր Դուք ազգիս հայրն եք, վերջնահաշվարկում Դուք եք հաստատում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված օրենքները, եթե Ձեր իսկ հաստատած օրենքները իրագործելի չեն թե՛ իրավական, թե՛ դատական ատյաններում, ուրեմն ի՞նչ իրավական երկիր ստեղծելու և դատական ատյանների անաչառության մասին է խոսքը:
Եթե քաղաքացին պետք է բողոքի, և նրա բողոքին առանց ուսումնասիրության, առանց բողոքում առաջ քաշված փաստերի պարզաբանման և հետազոտման պետք է տրվի ձևական «ռոբոտային» պատասխան, ինչպես տրվել է իմ դիմում բողոքներին, որը վերաբերում է քր. գործում առկա փաստաթղթերից բխած ապացույցներին, ուրեմն որտե՞ղ է անձի պաշտպանվածությունը մեր երկրում, ուրեմն ի՞նչ լուսավոր ապագայի ու իրավական երկրի մասին է խոսքը:
Պահանջում ենք , որ հարևան երկրները հարգեն մեր իրավունքները, երբ երկրի ներսում ոտնահարում ենք մեր քաղաքացու անձն ու իրավունքը, թողնելով հանցագործներին վխտալու հասարակության մեջ, իսկ անմեղներին «արհեստածին» մեղադրանքով «ցուցանիշ ապահովելու» համար դատապարտում ենք՝ կորցնելով անձիս հավատը երկրիս իրավապաշտ լինելու մեջ:
Հարգելի Նախագահ, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի ղեկավար ինքն է լուծում իր ընտանիքի խնդիրները, այնպես էլ իմ գիտակցությամբ այս բոլոր ապօրինությունները, որոնք կապված են որդուս հետ, կլուծվի միայն Ձեր միջամտությամբ:
Դիմելով Ձեզ՝ խնդրում եմ և մեծ հույսեր եմ կապում, ճշմարտությունը կբացահայտվի միայն Ձեր անմիջական հսկողության, հետևողականության արդյունքում:
Դիմող` ամբաստանյալ Արման Միքայելյանի մայր`
Գոհար Գալստյան









































