Քաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ ընտրությունները, անմիջական ազդեցություն են ունենում տնտեսության վրա: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը, որպես կանոն՝ նախընտրական շրջանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով նվազում է, որովհետև բիզնեսը գտնվում է սպասողական վիճակում, և տնտեսական հետագա ակտիվությունը մեծապես պայմանավորված է լինելու ընտրությունների արդյունքներով և հասարակության կողմից դրանք ընդունելով: Այսինքն, քաղաքական կայունությունը և հասարակության վստահությունը դեպի իշխանություններ բերում են բիզնեսի համար մի իրավիճակի, երբ ներդրումներն ավելի հաճույքով կգան ՀՀ, սակայն, ըստ Նռանյանի, եթե ընտրությունները ձախողվեն, և դրանց արդյունքները հասարակությունը չընդունի, ապա լուրջ տնտեսական խնդիրներ են առաջանում, ոչ միայն պետբյուջեի կատարման մասով, այլ ընդհանրապես՝ երկրի տնտեսական հեռանկարի հետ կապված:
«ՀՀ-ում կա նաև մի հետաքրքիր առանձնահատկություն, որ պայմանավորված է ընտրական գործընթացների առանձնահատկությամբ. ընտրություններից հետո, որքան կարելի է ենթադրել նախորդ տարիների փորձից, լինելու է մեծ գնաճ, որովհետև բիզնեսին մոտ կանգնած այն մեծահարուստ շրջանակները, որոնք մեծ գումարներ են ծախսում ընտրությունների ժամանակ՝ իրենց վերարտադրման համար, և այդ ժամանակահատվածում փորձում են որոշ չափով զսպել իրենց ախորժակները, բայց ընտրություններից հետո, եթե նրանք հաջողություն ունենան, ապա անմիջապես մենք ականատես ենք լինելու այն գնաճին, որը տեղի ունեցավ 2007-ի խորհրդարանական ընտրություններից ամիջապես հետո: Եվ այն քաղաքացիները, որոնք մտածում են այսօր մի քանի հազար դրամ վերցնեն, որպեսզի ընտրեն այս կամ այն պատգամավորին, պետք է հստակ գիտակցեն, որ իրենք ընդամենը մի 20 օրվա ընթացքում դրա բազմապատիկը վճարելու են նույն օլիգարխներին»,- ասաց Ա. Նռանյանը:
Նրա խոսքով՝ ընդհանրապես նախընտրական շրջանում կուսակցությունների ու թեկնածուների կողմից գումարներ շատ են ծախսվում, և այդ առումով գումարի արտանետում է տեղի ունենում շուկա, և կարելի է սպասել որոշակի ակտիվություն, բայց այդ ակտիվությունը կարող վերաբերել սպառողական շուկային, կամ որոշակի ոլորտների գործունեության՝ թերթերի տպագրական ծավալի աճ, գովազդային ծառայությունների աշխուժացում, բայց դրանք երկարաժամկետ չեն, և տնտեսական հեռանկարային զարգացման ազդեցություն չի լինի:
«Ընտրությունները դրական անդրադարձ կունենան տնտեսության վրա միայն այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքում կձևավորվի հասարակության վստահությունը վայելող իշխանություն»,- շեշտեց Ա. Նռանյանը:





































